Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ղարաբաղյան խնդիրը Փարիզում

Ղարաբաղյան խնդիրը Փարիզում
01.05.2015 | 12:28

Աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ։
Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթներին Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։ «Տարօրինակ են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը արդյունավետ և դրական է գնահատել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:
Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թվիթերի միկրոբլոգում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը գրել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հիմնական հարցերը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարել են․ «Մենք յուրաքանչյուր նախարարի հետ հանդիպման ժամանակ շեշտեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը, և շարունակեցինք նախապատրաստական աշխատանքներ տանել այս տարի՝ ավելի ուշ, նախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ»: Նախարարները համաձայնել են համանախագահների միջնորդությամբ հանդիպել միմյանց նախագահների հանդիպման օրակարգը ձևավորելու նպատակով և ողջունել են համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը:
Համանախագահները նաև արձանագրում են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններ» են անցկացվելու ու հավելում․ «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ